Կոռուպցիայի ամենավառ դրսևորումն է, երբ մարդկանց գցած քվեաթուղթը չի հասնում իր նպատակին. ԱԺ փոխխոսնակ
Ամենամեծ կոռուպցիան ընտրությունների միջոցով ժողովրդից զավթված իշխանությունն է: Սա խաբեբայություն է, սա քստմնելի արարք է, սա գողություն է ժողովրդից, սա անբարոյականություն է, և սա, իհարկե, ադրբեջանաթուրքական շահերի կիզակետն է: Այդ մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության շրջանակում խորհրդարանում կոռուպցիայի մասով ծավալված քննարկմանը:
Անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին՝ Հակոբ Արշակյանը ընդգծեց. «Ադրբեջանաթուրքական շահերին են ծառայել բոլոր ընտրակեղծարարները, բոլոր այն մարդիկ, որոնք ընտրակեղծիքների միջոցով հայտնվել են ՀՀ իշխանության գագաթնակետին, բոլոր այն նախագահները, որոնք, կեղծելով ընտրությունները, հայտնվել են նախագահի աթոռին, բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը, բոլոր նրանք գործել են ադրբեջանաթուրքական շահերից: Սա կոռուպցիայի ամենավառ դրսևորումն է, երբ մարդկանց գցած քվեաթուղթը չի հասնում իր նպատակին: Սա կոռուպցիա է կոչվում, սա կոչվում է ամենաանբարոյական կոռուպցիա»,- ասաց Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխնախագահը նաև հիշեցրեց, որ բոլոր միջազգային զեկույցներում Հայաստանը թռիչքաձև զարգացում է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարում. «Այո՛, անցած տարի Հայաստանում մենք ունեցել ենք կոռուպցիայի ընկալման համաթվի վաթարացում, բայց դա ամենամեծ մարտահրավերն է այս պահին մեր քաղաքական թիմի, որպեսզի այդ համաթվի բարելավում տեղի ունենա, և դա տեղի է ունենալու, ես դրանում համոզված եմ»:
Հակոբ Արշակյանը նաև նկատեց, որ հանրությունը շատ զգայուն է կոռուպցիայի պայքարին առնչվող հարցերում, քանի «տասնյակ տարիներ մարդիկ, ժողովրդի հաշվին թալանելով, հարստացել են», ուստի այս համատեքստում դիմելով հանրությանը՝ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Մենք ոչ մի հետքայլ չենք արել և չենք էլ անելու կոռուպցիայի դեմ պայքարում, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես դրա առաջամարտիկն եմ լինելու, խմբակցությունը դրա առաջամարտիկն է լինելու, Կառավարությունը դրա առաջամարտիկն է: Դա մեր անձնագիրն է: Մենք ժողովրդի հաշվին հարստացած որևէ մեկին չենք հանդուրժելու»: