Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուձիմորին ազատ է արձակվել բանտից
Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուձիմորին, որը 25 տարվա ազատազրկման էր դատապարտված մարդու իրավունքների խախտումների համար, ազատ է արձակվել՝ 16 տարի բանտում անցկացնելուց հետո, հաղորդում է Reuters-ը։
Նախկին նախագահին երկրի գործող նախագահի կողմից համաներում էր շնորհվել 2017 թվականին, և նա մոտ 9 ամիս եղել էր ազատության մեջ։ Այնուհետև Պերուի գերագույն դատարանը չեղյալ համարեց այդ որոշումը, և Ֆուձիմորին վերադարձավ բանտ։ Այժմ նախագահի համաներումը վերահաստատվել է՝ հաշվի առնելով 85-ամյա Ֆուձիմորիի առողջական լուրջ խնդիրները։
Ֆուձիմորին, որը ճապոնացի ներգաղթյալների որդի է, կառավարել է Պերուն 1990-2000 թվականներին։ Կողմնակիցները նրան համարում են նախագահ, որը Պերուն փրկեց ահաբեկչությունից և տնտեսական անկումից։ Իսկ հակառակորդները նրան համարում են ավտորիտար կառավարիչ, որն անտեսեց երկրի ժողովրդավարական կառույցները՝ հանուն իշխանության։ Նրա կառավարման օրոք ճնշվել են երկու ապստամբություններ, որոնց զոհերի թիվը շուրջ 69 000 է։
2007թ․-ին Ֆուձիմորիին 6 տարվա ազատազրկման էին դատապարտել անօրինական խուզարկություններ պատվիրելու համար։ Այնուհետև 2009 թ․-ին նրան մեղավոր են ճանաչել մարդու իրավունքների խախտումների համար՝ դատապարտելով 25 տարվա ազատազրկման։