Ինդոնեզիան ներառվել է Հայաստանի պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում
Կառավարության որոշմամբ՝ առաջարկվում է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում ավելացնել նաև Ինդոնեզիան, քանի որ Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա հնարավորություն տալ երկու երկրների քաղաքացիներին մուտքի վիզա ստանալ ըստ ժամանման՝ պետական սահմանի անցակետում։ Այս մասին հայտարարվեց Կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս Ինդոնեզիայի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև E-VISA համակարգի միջոցով։ Բացի այդ, Ինդոնեզիայի այն քաղաքացիները, ովքեր ունեն ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝ ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է ցանկից հանել Պանաման, քանի որ ՀՀ համապատասխան որոշմամբ, փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թ. սեպտեմբերի 8-ից։