Մեր ձեռքերին արյուն չկա. Ալեն Սիմոնյան
«Երբ իրենց ընտանիքի կողմից վճարվող մարդիկ են նման բաներ ասում, ես գնահատում եմ, որ դա պատվեր է, որը կատարում են, բայց երբ ինքն անձամբ գալիս է և դժբախտ պատահարը փորձում է ներկայացնել որպես արարք, առնվազն սազական չէ մարդու, ով քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու արձագանքներին։
Ա.Սիմոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ մեքենա է վարել, ո՛չ Նիկոլ Փաշինյանի մեքենան է եղել, «վարչապետը նման հրաման չի տվել, ի տարբերություն հայտնի դեպքերի»։
«Ընտանիքի, բոլորիս դժբախտությունը բերել և փորձել դա վերագրել իշխանությանը կամ որևէ մեկին՝ շատ ցածր ու տգեղ բան է։ Կարծում եմ՝ հետագայում իրենք չպետք է իրենց թույլ տան նման բան անել, մարդկանց էմոցիաների, դժբախտության վրա խաղալ։ Եթե իրենք դրանով փորձում են հանրության կողմից իրենց մեղսագրվող արարքներին ինչ-որ ձևով հավասարության նշան դնել՝ ապարդյուն է, թող չփորձեն, մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծ իրենց հետ չխառնեն»,-ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշիյանը ԱԺ-ում ասել էր. « Մենք կարող ենք համեմատել Հայաստանի նախկին շրջանի վիճակագրության հետ։ Կարող ենք ասել, օրինակ, քաղաքական գործիչները պադեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում»։ Լ. Քոչարյանն արձաքագնել էր. «Չե՞ք հոգնել համեմատություններ անելուց։ Ո՞ր հարց եմ տալիս, փորձեք կոնկրետ պատասխանել։ Ես խոսում եմ շատ կոնկրետ երկակի ստանդարտների մասին։ Օրինակ, ես կարող եմ խոսել վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու «լայաղ» չի անում կանգնի: Ես այդ դաշտ չեմ մտնում, երկակի ստանդարտների մասին եմ հարց տալիս, որը շատ ակնառու է ու ակնհայտ։ Իսկ արդարադատության հետ կապված` խնդրում եմ, մի ծիծաղացրեք, տեսնում ենք` ինչ է կատարվում»։