Բաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Բաքվում սկսվել է օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում ապօրինաբար ձերբակալված զինծառայող Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը։
Նա մեղադրվում է օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։