Կոկաինի շարժերի պրոտոկոլներով առանձնապես չեմ հետաքրքրվում. Նիկոլ Փաշինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի առաջ հայտնաբերված 1 տոննա կոկաինը։
«Նման տեղափոխությունները չեն լինում առանց կոնկրետ երաշխավորների, լոգիստիկ պատասխանատուների և իշխանական տանիքների»,-ասաց Խամոյանը։
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ հենց իշխանություններն են հայտնաբերել այդ մեծաքանակ թմրանյութը։
«Եթե առանց իշխանության չի լինում, էդ բռնելը ո՞նց է լինում, ընդդիմությունն էլ գնաց այդ բեռը բռնեց, հա՞։ Բա ո՞նց եղավ, որ ձերբակալվեցին և այլն»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ այլ մանրամասների չի տիրապետում, թե կոկաինն ինչքան է եղել, ով է արել, ինչ է արել։
«Առանձնապես կոկաինի շարժերի պրոտոկոլներով չեմ հետաքրքրվում»,-ասաց նա և հավելեց, որ նախաքննությունը պետք է տա պատասխանները։
Խամոյանի համար համոզիչ չէր վարչապետի պատասխանը. «Վեց ամիս է անցել, և դուք ուզում եք հավաստիացնել, որ որևէ տեղեկատվություն չեք փորձել ստանա՞լ, թե ինչ եղավ այդ գործը։ Չեմ հավատում, որ չեք փորձել»,-ասաց նա։
«Ինչքան էլ հավատաք-չհավատաք, այո, չեմ հետաքրքրվել, որովհետև կարծում եմ՝ նախանքննության մարմինը, դատախազությունը, դատարաններն իրենց գործը պետք է անեն»,-արձագանքեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ ըստ տարածված տեղեկության՝ այդ գործով կոնկրետ մարդ հետախուզման մեջ է գտնվում։
«Բայց որ հարցրեցիք՝ անպայման կհետաքրքրվեմ»,-ասաց Փաշինյանը։