Կոտրել են քաղաքացու բնակարանի դուռը, այնուհետև պահանջել բանալին. քաղաքացին ահազանգում է
ArmLur.am-ին ահազանգում են այն մասին, որ դեկտեմբերի 5-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն առանց իրեն տեղյակ պահելու կոտրել են իր կողմից հիփոթեքային միջոցներով ձեռք բերված բնակարանի դուռը և այնուհետև զանգել ու պահանջել մյուս կողպեքի բանալին:
ArmLur.am-ը կապ է հաստատել քաղաքացի Գոհար Մկրտչյանի հետ՝ պատճառը պարզելու նպատակով: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Տիգրան Մեծ 36/բ հասցեի 58-րդ բնակարանում: Մեր զրուցակիցը նշեց, որ պատճառը եղել է ամսավարձի ուշացումը, ինչի համար նա դիմել էր բանկի կառավարչին՝ խնդրելով ու համաձայնության գալով, որ ընդամենը մի քանի ժամ ուշ վճարի գումարը:
«Բնակարանը ձեռք եմ բերել 2014 թվականին, հիփոթեքով, և վճարել եմ մինչև 2015 թիվը, կատարել եմ ամսավճարներ: Այնուհետև խնդրել եմ սառեցնել իմ վարկային պարտավորությունները, քանի որ փոքր աղջիկս ուներ գլխի ուռուցք և շտապ անհրաժեշտ էր վիրահատություն: Եկել ենք պայմանավորվածության, որ վիրահատությունից հետո նոր կկատարեմ իմ պարտքերը: Սակայն բանկը ոչ մի սառեցում չի արել և այդ ընթացքում ոչ մի աջակցություն չեմ ստացել, այլ միայն տույժեր, տուգանքներ կուտակելով հասցրել են այն աստիճանի, որ տունս առանց ինձ տեղյակ պահելու աճուրդի են հանել»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է քաղաքացի Գոհար Մկրտչյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ տունը ձեռք էր բերել 14 միլիոն դրամի պայմանավորվածությամբ, որից հետո նա տունը վերանորոգել է և փոխել տանիքը, սակայն, երբ պիտի նրան դուրս հանեն տնից, տունը վերագնահատվել է 27 միլիոն դրամ և ըստ այդմ էլ գնահատվել նրա պարտքը:
«Սկզբից շատ արհամարհական տոնով ասել են՝ ձեզ կես ժամ ժամանակ ենք տալիս, իսկ հետո, թե տեսեք ոնց ենք ձեր դուռը կոտրելու: Պրինցիպներից ելնելով՝ ջարդել են դուռս, հետո զանգել մյուս կողպեքի բանալին պահանջել ու ասել, որ գնամ՝ գույքը հանձնեն ինձ: Սակայն ի՞նչ գույք ստանամ, եթե առանց ինձ տեղյակ պահելու ջարդել են դուռս ու մտել տուն»,- վրդոհված պատմում է քաղաքացին և ավելացնում, որ իր 3 ամսական երեխայի հետ Նոր Տարվա շեմին մնացել է դրսում՝ անտուն: