Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Հունաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Աթենք։ Սա թուրք առաջնորդի առաջին այցն է Հունաստան վերջին վեց տարվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Daily Sabah»-ը, Աթենքում Էրդողանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի և վարչապետի հետ։
«Թշնամություն բորբոքելը կառուցողական չէ, և մենք պատրաստ ենք սկսել նոր դարաշրջան, կատարել խոստումները և զարգացնել հարաբերություններն` առանց արտաքին ազդեցության», – ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը: Սա Էրդողանի առաջին այցն է Հունաստան 2017 թվականից ի վեր, իսկ Թուրքիայի նախագահի երկրորդ այցը վերջին 70 տարվա ընթացքում։ Հունաստանի պետնախարար Ակիս Սկերչոսն ասել է, որ երկրների միջև լարվածությունը նվազել է, ինչպես երբեք:
Ուստի դեկտեմբերի 7-ի այցի ընթացքում առաջնորդները կփորձեն «նոր էջ» բացել հարաբերություններում։ Աթենքում կկայանա նաև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ։ Սպասվում է, որ հունական կողմից կմասնակցի 11, իսկ թուրքական կողմից՝ 8 նախարար։ Նախատեսվում է, որ երկրները կստորագրեն առնվազն 20 համաձայնագիր, այդ թվում՝ միգրացիայի հարցով։ Անկարան ու Աթենքը վաղուց բարեկամական հարաբերություններ չունեն։
Պատճառը Էգեյան ծովում մրցակցությունն է՝ ջրային տարածքի և բնական գազի պաշարների շուրջ։ Թուրքիան մի քանի տարի է, ինչ կասկածի տակ է դնում պետությունների միջև ջրային սահմանի բաշխման փաստաթուղթը և 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, ըստ որի՝ Էգեյան ծովի արևելյան կղզիների մեծ մասը պատկանում է Հունաստանին (նույնիսկ Թուրքիային մոտ գտնվող կղզիները)։
Նախկինում Էրդողանը զերծ չի մնացել Հունաստանի հասցեին կոշտ հայտարարություններից։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահը պարծեցել է թուրքական «Թայֆուն» բալիստիկ հրթիռներով՝ ասելով, որ դրանք կարող են հասնել Աթենք։