Կվերսկսվի Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումները Ռուսաստան
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Բանակցություններն ընթացել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրների շուրջ։
Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետևողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։ Նա երաշխավորել է արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման առավել թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ապահովելու համար մատակարարվող արտադրանքի հետագծելիությունն ու անվտանգությունը։
Սերգեյ Դանկվերտը վստահեցրել է, որ ՌԴ գերատեսչությունը միևնույն վերաբերմունք է դրսևորում Ռուսաստան մուտք գործող ցանկացած բուսական արտադրանքի մոնիթորինգի ժամանակ և համարժեք միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար՝ անկախ ուղարկող երկրից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ վերահսկողական միջոցառումների մասին, որոնց ճշգրիտ ժամկետները կհստակեցվեն աշխատանքային կարգով։
Կողմերը պայմանավորվել են բարելավել գերատեսչությունների միջև հաղորդակցությունը՝ ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու նպատակով: