2024 թվականին այդ միտումն ավելի կընդգծվի․ 2023 թվականին դատական համակարգի ֆինանսավորումը
«2018 թվականի համեմատ 2023 թվականին դատական համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է։ 2024 թվականին այդ միտումն ավելի կընդգծվի։ Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձը էականորեն բարձրացել է բավականին բարձր բազայի վրա, իսկ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 2024 թվականի հունվարի 1-ից»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի փոփոխված տարբերակի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դատախազության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է և այս իրավիճակը ավելի կընդգծվի 2024 թվականին։ Դատախազների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել է 256 տոկոսով։ Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է 443 տոկոսով։ Քննիչների աշխատավարձը էականորեն ավելացել է արդեն իսկ բարձր բազայի, իսկ օպերատիվ աշխատողները ստանում են նախկինում չլսված աշխատավարձեր։ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են, էականորեն մեծացել է Սահմանադրական դատարանի ֆինանսավորումը։ Այդ բոլոր որոշումները կայացրել են կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը, և այս որոշումները կայացվել են՝ արդարադատության ինստիտուցիոնալ էության ու դատական համակարգի անկախության իդեալներին հավատալով»,- հավելեց նա։