ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին․ քվեարկությունների արդյունքները հայտնի են
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց երեկ կատարված քվեարկությունների արդյունքները։ Ըստ այդմ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվեց Հակոբ Միհրանյանը:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Սերգեյ Մարաբյանը։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 68-ը: Սերգեյ Մարաբյանի օգտին կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, մնացած թեկնածուները կողմ ձայն չէին ստացել:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խորհրդարանում հայտարարեց, թե Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը վիրահատվել և այդ պատճառով երեկ ներկա չէր դատավորի ընտրության հարցով քննարկմանը:
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԲԴԽ նախագահը ստում է: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, Մխիթարյանը վիրահատվել է դեռ օգոստոսին: Ավելին, նա երեկ այդ պահին Վերաքննիչ քրեական դատարանում աշխատանքի էր:
Ավելի ուշ ArmLur.am-ը հայտնեց, որ իշխող «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցությունը փոխել է իր որոշումը:
Մինչ այս, ՔՊ-ականները որոշում էին ունեցել ընտրել Ռուբիկ Մխիթարյանին: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ խմբակցության ներսում թեժ քննարկում է եղել, որից հետո որոշում է փոխվել: Ըստ այդմ, ՔՊ-ականները որոշել են դատավոր ընտրել Սերգեյ Մարաբյանին: Այսօր արդեն մեր տեղեկությունը հաստատվեց։