Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի Չարենցի թաղամասի շենքերից մեկի 33-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Իրավապահներն այցելեցին նշված հասցե: Տղամարդը հայտնեց, որ հողամասում կանեփ է աճեցնում անձնական օգտագործման համար:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել հողամասում: 33-ամյա էջմիածինցին ոստիկաններին է ներկայացրել ընդհանուր 50,54 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Նոյեմբերի 30-ին Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի 26-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և համաքաղաքացի 34-ամյա մի տղամարդու հետ, նրա «Շեվրոլե Կրուզ» մակնիշի ավտոմեքենայով, մեկնում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ՝ թմրանյութն իրացնելու:
Ոստիկանները ճանապարհին մեքենան կանգնեցրել են. վարորդը մեքենայից իջնելիս նետել է կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, իսկ ձեռքում նկատվել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Տղամարդիկ ձերբակալվել ու ներկայացվել են բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Դեկտեմբերի 1-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Գայ գյուղի Խաչատրյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Հայանիստ գյուղի 57-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ութ փաթեթ՝ ընդհանուր 100 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է: Իրավապահները պարզել են, որ հայանիստցի տղամարդը թմրանյութը ձեռք էր բերել Գայ գյուղի մի բնակչից: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: