ՀՀ դատարանները կալանքը որպես ճնշում չեն օգտագործում. Անդրեասյան
Կալանքը որպես խափանման միջոց, դատական իշխանության կողմից որևէ կերպ չի օգտագործվում որպես ճնշում քննվող անձի նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը իշխող խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան։ Վերջինս հետաքրքրվում էր, թե չափազանց հաճախ չէ՞ արդյոք որպես խափանման միջոց ընտրվում կալանքը, և արդյոք այստեղ ԲԴԽ-ն իրավիճակի վրա ազդելու որևէ մեխանիզմ ունի:
Անդրեասյանի խոսքով` ԲԴԽ-ն չի կարող միջամտել նման հարցերին, բայց ձերբակալությունների կիրառման վիճակագրությունը գրավոր կուղարկի պատգամավորին:
«Կարող եմ հավաստիացնել, որ առնվազն իմ օրոք կալանքը չի դիտարկվում այլ կերպ, քան որպես խափանման միջոց և մեխանիզմ, որը կասկածյալին թույլ չի տալիս միջամտել քննության գործընթացին և խոչընդոտել դրան»,-հավելեց Անդրեասյանը: