Ինչո՞ւ մինչ օրս ձկնաբույծներին չի ներկայացվել փակ համակարգերի տեխնիկական բնութագիրը. Գառնիկ Դաիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը.
«Օրեր առաջ ԱԺ-ում, երբ հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը և փակ շրջանառու համակարգի անցումը, ես մտահոգություն հայտնեցի, թե արդյո՞ք նման փոփոխությունը կլինի անցնցում և վնաս չի հասցվի ձկնաբուծությամբ զբաղվողներին։
Ցավոք, մտավախությունս հաստատվեց․ ձկնաբույծները ահազանգում են, որ այսպիսի պայմաններում օրենքի գործելու դեպքում իրենք ստիպված կլինեն փակել ձկնաբուծարանները։
Թող չստեղծվի տպավորություն, թե չեմ կարևորում ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումը։ Անձամբ տարբեր հարթակներով բարձրաձայնել եմ այս մասին, դիմել պատկան մարմիններին, հետամուտ եղել խնդիրների լուծմանը։ Մենք, իրապես, Հայաստանում ունենք ջրային ռեսուրսների կառավարման խնդիր։
Բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես են վատնվում ջրերը՝ նյութատեխնիկական հագեցվածության պակասի, մաշված խողովակների պատճառով։
Միանշանակ է, որ բոլորիս ցանկությունը մեկն է՝ հնարավորինս խնայել մեր ջրային պաշարները:
Սակայն, Շրջակա միջավայրի նախարարությունը, մինչ տնտեսվարողներին անցնելը, լավ կլիներ, որ նախևառաջ փականներ տեղադրելով կոնսերվացներ ՀՀ տարածքում գտնվող այն բազմաթիվ տիրազուրկ հորերը, որոնք գնում թափվում են թշնամի պետություն։
Վերջերս ավարտվեց Արարատյան դաշտում տիրազուրկ խորքային հորերի գույքագրումը։ Տվյալները ամփոփվել են, և հայտնաբերվել է շուրջ 700 ապօրինի տիրազուրկ հոր։ Կարելի է պատկերացնել, թե մեկ վայրկյանում որքան ջուր ենք կորցնում այսպիսի հսկայական քանակության տիրազուրկ հորերից։
Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, նախագիծը պետք է քննարկվեր առնվազն Էկոնոմիկայի նախարարության, Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ, ինչպես սովորաբար լինում է։ Նախագիծը չի դրվել նաև հանրային քննարկման։
Ձկնաբուծությամբ զբաղվողները հայտնում են, որ նախարարության ներկայացուցիչների այն պնդումը, թե իրենց հետ նախագիծը քննարկել են, չի համապատասխանում իրականությանը։
Օրեր առաջ գործընկեր Արծվիկ Մինասյանն էլ հարց ուղղեց Շրջակա միջավայրի նախարարին, թե արդյո՞ք հարցը քննարկվե՞լ է ձկնաբուծական տնտեսությունների հետ, նախարարը հավաստիացրեց, որ օրենքի ընդունումից հետո կբացվի քննարկումների դուռը։
Բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծներին էլ խոստացվեց, որ փակ համակարգի տեղադրման կարգը կքննարկվի իրենց հետ։
Օրենքի պահանջով, հունվարի 1-ին ձկնաբուծական տնտեսություններում արդեն իսկ պետք է տեղադրված լինի փակ համակարգը։ Հունվարին մնացել են հաշված օրեր, իսկ նախարարությունից ոչ մի արձագանք չկա։
Հերթական անգամ խնդրի առա՞ջ եք կանգնեցնելու մարդկանց։ Ինչու՞ մինչ օրս չի ներկայացվել փակ համակարգերի տեխնիկական բնութագիրը, ինչու՞ չեք հանդիպում ձկնաբույծներին»։
Հարցն իմ օրակարգում և ուշադրության կենտրոնում է, քանի որ չպետք է թույլ տալ, որ գյուղատնտեսության միակ աճ արձանագրած ոլորտը՝ ձկնաբուծությունը, ևս անկում ապրի»։