Այս ամենը, բացառապես, կոտրվում է մեր երկրի արտահանողների գլխին. Թադևոս Ավետիսյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է օգտվել ՌԴ-ի հետ ազատ առևտրի բոլոր հնարավորություններից, ինչի պարբերական ձախողումներին հաճախ ականատեսն ենք լինում։ Մյուս կողմից էլ, առկա են բազմաթիվ չհաղթահարված խոչընդոտներ՝ ԵՄ անդամ երկրներ հայկական արտահանման համար։
Այս ամենն էլ բացառապես կոտրվում է մեր երկրի արտահանողների գլխին՝ բոլոր ռիսկերով և բացասական հետևանքներով։ Արտահանման աշխարհագրական և ապրանքային կառուցվածքի բարելավումը, պետական աջակցության թիրախային ծրագրերի իրականացումը, գործընկեր երկրների հետ առևտրի խոչընդոտների վերացումը կառավարության արտաքին տնտեսական քաղաքականության նպատակներն են, այլ ոչ թե շահույթի ձգտող տնտեսվարող սուբյեկտների հիմնական անելիքը։
Բերեմ թվային պատկերը․
2022 թվականին ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, որի շուրջ 46 տոկոսը դեպի Ռուսաստան։
2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 80 տոկոսով, իսկ դեպի ՌԴ արտահանումն աճել է 3 անգամ։
2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը ևս աճել է՝ 6,5 տոկոսային կետով։
Հաջորդը՝ 2022 թվականին Հայաստանից շուրջ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի արտահանում է գրանցվել դեպի Ռուսաստան։ Արտահանման ապրանքային կառուցվածքի առաջին եռյակում են՝ մեքենաները և սարքավորումները, պատրաստի սննդի արտադրանքը, տրանսպորտային միջոցները։ Այս երեք ապրանքային խմբերի գումարային արտահանումը կազմել է շուրջ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ընդհանուրի շուրջ 56 տոկոսը։ Ընդ որում՝ Ռուսաստան վերարտահանվել են այլ երկրներից ներմուծված 310 միլիոն ԱՄՆ դոլարի ավտոմեքենաներ, որը կազմում է ընդհանուրի 13 տոկոսը։
Հայաստանից շուրջ 773 միլիոն ԱՄՆ դոլարի արտահանում է գրանցվել դեպի ԵՄ անդամ երկրներ, որն ավելի քան 3 անգամ զիջում է դեպի Ռուսաստան մեր երկրի արտահանման ծավալներին։ Արտահանման ապրանքային կառուցվածքի առաջին եռյակում են՝ ոչ թանկարժեք մետաղները և իրերը, հանքահումքային արտադրանքը, մանածագործական իրերը։ Այս երեք ապրանքային խմբերի գումարային արտահանումը կազմել է 677 միլիոն ԱՄՆ դոլար կամ ընդհանուրի շուրջ 88 տոկոսը։
Փաստորեն ստացվում է, որ դեպի Ռուսաստան և դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ապրանքային կառուցվածքի հիմնական ուղղություններում չկա համընկնում, դրանք արմատապես տարբեր են։
Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է․ զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրա-տնտեսական հարաբերությունների առանցքային դերի անտեսումը, մեկը մյուսով փոխարինելու ձախողակ փորձերը՝ գործող իշխանության նեղ կուսակցական-քաղաքական խմբակային շահերով պայմանավորված, ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին և երկարաժամկետ ու կայուն տնտեսական զարգացմանը»։