Ապօրինի թմրաշրջանառության դեմ Քրեական ոստիկանության հետևողական պայքարի հերթական արդյունքը
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչներ 20-ամյա մի աղջիկ և 24-ամյա մի երիտասարդ Տելեգրամ հավելվածի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: ՔՈԳՎ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, նոյեմբերի 27-ին Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել նրանց: Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ծխամորճ՝ 1 միլիլիտր հաշիշի յուղի նմանվող հեղուկ զանգվածով:
Ձերբակալվածները հայտնել են, որ Տելեգրամ հավելվածում գրանցված մի քանի էջերի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: Հայտնել են նաև, որ իրենց փաստացի բնակության հասցեում ունեն մարիխուանա, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կան վաճառքի համար նախատեսված մարիխուանայի կահավորված թաքստոցներ, որոնք պատրաստ են ներկայացնել:
20-ամյա աղջիկն ու 24-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրանց բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված ընդհանուր 54,23 գրամ մարիխուանա, ծխախոտի 37 գլանակ, որոնցում ընդհանուր 32,33 գրամ մարիխուանա էր, 23,71 գրամ հաշիշ, 54,38 գրամ մարիխուանա, 330 զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, կպչուն ժապավեն և էլեկտրական կշեռք: Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը 164,65 գրամ էր:
Դեկտեմբերի 1-ին, նախաձեռնված վարույթի շրջանակներում, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված դեպքերի վայրերի զննությամբ հայտնաբերվել է 28 կպչուն ժապավեններով փաթեթավորված՝ ընդհանուր 88,63 գրամ մարիխուանա:
20-ամյա աղջիկն ու 24-ամյա երիտասարդը կալանավորվել են։
Ապօրինի թմրաշրջանառությունն ու թմրամոլությունը չարիք են, և դրանց դեմ մշտապես հետևողական ու անզիջում պայքար է տարվում ամբողջ աշխարհում: Չարիքի դեմ անզիջում ու հետևողական է նաև մեր երկրի իրավապահների պայքարը: