Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվեց Հակոբ Միհրանյանի թեկնածությունը
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Հակոբ Միհրանյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նրան ներկայացնելիս նշեց պատճառները, թե ինչու է հենց նա ընտրվել որպես ՔՊ խմբակցության թեկնածու: Պատճառներից մեկը, ըստ Պապոյանի, Հակոբ Միհրանյանի կենսագրությունն է, աշխատանքային փորձը:
Ըստ այդմ՝ նա 1983 թվականին ընդունվել է Ջրվեժի անտառտնտեսությունում որպես բանվոր. ապա գործուղվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ՝ կրթություն ստանալու, որից հետո վերադարձել է Ջրվեժի անտառտնտեսություն:
Զբաղեցրել է Նոր Նորքի թաղապետարանի համայնքապետի խորհրդականի, տեղակալի պաշտոնները: 2010-ից աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում (այժմ՝ Հաշվեքննիչ պալատ), որտեղ աշխատում է մինչ այսօր: Զբաղեցրել է գլխավոր մասնագետի, վարչության պետի տեղակալի, 3-րդ վարչության պետի պաշտոնները, այժմ նույն կառույցի 2-րդ վարչության պետն է: Ունի դասային աստիճաններ:
Հակոբ Միհրանյանն իր ելույթի ժամանակ ասաց, որ եթե իրեն վստահվի Հաշվեքննիչ պալատում որպես պալատի անդամ աշխատելու պատիվը, պարտավորվում է ամրապնդել կապը պետական կառավարման և հանրային վերահսկողության միջև:
«Ես կպաշտպանեմ նախաձեռնությունները, որոնք խթանում են համագործակցային միջավայրը՝ պետական մարմինների և հաշվեքննիչ պալատի միջև ապահովելով թափանցիկություն և երկխոսություն: Դրանով մենք կարող ենք բարձրացնել հանրային կառավարման գործընթացների արդյունավետությունը, բացահայտել օպտիմալացման ոլորտները»,- ասաց նա: