Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը
Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից հասցնելով 150 դրամի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, պետք է նաև ավտոբուսները, երթուղին թանկանա։ Ես այս առումով ունեմ մեծ վերապահում, քանի որ միշտ համարել եմ, որ հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։
Բայց նույնիսկ, եթե արժեքն ավելանում է, մարդիկ չպետք է սպասեն կանգառասրահներում, երթևեկը չպետք է լինի այնքան երկար, ինչպես հիմա, և չպետք է լինի խցկված ավտոբուսներում, ինչպես հիմա է անգամ այն պայմաններում, երբ միկրոավտոբուսները փոխարինվեցին ավտոբուսներով, բայց հիմնական խնդիրը չլուծվեց։
Էլ չեմ խոսում այն մասին, որ կան բազմաթիվ թաղամասեր, որտեղ կա հասանելիության խնդիր։ Դեմ եմ այս մոտեցմանը՝ թանկացնել ուղեվարձն առանց բարեփոխումն ամբողջ ծավալով իրականացնելու», - ասաց նա։
Տեսանյութն՝ այստեղ։