Հոնկոնգում գողացել են բեռնատար՝ 3,6 մլն դոլարի iPhone-ներով
Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 28 միլիոն հոնկոնգյան դոլար (մոտ 3,6 միլիոն դոլար) արժողությամբ iPhone-ներ պարունակող բեռնատարի գողության գործով երեք կասկածյալների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Ըստ քննիչների՝ 22-ամյա և 30-ամյա տղամարդիկ և նրանց 34-ամյա գործատուն դավադրություն են կազմել և բեմականացրել իրենց տեղափոխած բեռի հափշտակումը, որպեսզի տիրանան թանկարժեք սմարթֆոններին։
Ըստ հրապարակման՝ դեկտեմբերի 1-ին երկու տղամարդիկ ոստիկանությանը հայտնել էին, որ iPhone-ների տեղափոխման ժամանակ դանակներով զինված երկու ավազակներ նստել են իրենց բեռնատարը և հրամայել մեքենան վարել դեպի Հոնկոնգի հեռավոր Յունլոնգի շրջան։ Ճանապարհին, ըստ նրանց, հարձակվողները հրահանգել են կանգնեցնել մեքենան, այնուհետև իրենց միացած երկու այլ չարագործների հետ բեռնաթափել են 43 արկղ հեռախոսները։ Հետո բեռնատարն ուղևորվել է դեպի Թան Քվայ Չհուն գյուղ, որտեղ, ըստ ենթադրյալ տուժածների, կողոպտիչներն իրենց դուրս են նետել մեքենայից և հեռացել:
Երկու երիտասարդները հայտնել են, որ ստիպված են եղել ավելի քան 1 կմ քայլել, որպեսզի կարողանան օգնություն խնդրել: Նրանք թեթև վնասվածքներ են ստացել։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է գողացված բեռնատարը, որը հարձակվողները հրկիզել էին:
Նախաքննության ընթացքում ոստիկանությունը եզրակացրել է, որ տրանսպորտային ընկերության աշխատակիցները հեռախոսները գողանալու նպատակով համաձայնության են եկել և ավազակային հարձակում կազմակերպել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ հետաքննությունը շարունակվում է, հնարավոր են նոր ձերբակալություններ։