ՔՊ-ն վերահաստատեց, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ. Արծվիկ Մինասյան
«Քիչ առաջ ՔՊ-ն իր քվեարկությամբ մերժեց 58 հազար և ավելի քաղաքացիների՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագիծը ներառել ԱԺ օրակարգ, վերահաստատեց այն հանգամանքը, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ»,- ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«ՔՊ-ն խախտեց ու դրանով հաստատեց ևս մեկ անգամ, որ տեր չէ այն նախընտրական խոստումներին, որոնք ներառել է իր նախընտրական ծրագրերում»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։ Այն վերաբերում էր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Աչցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:
Հանձնաժողովի ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգ։