Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայկական եկեղեցին կվերադարձնի համայնքին
Թուրքիայի զինված ուժերը Սվասի 5-րդ հետևակային բրիգադի հրամանատարության տարածքում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին կվերանորոգի և կվերադարձնի «Սվասի հայ բարեկամներ» միությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը:
Նախքան 1915 թվականը Սվասում և մոտական շրջաններում հայկական 198 եկեղեցի և 21 վանական համալիր է եղել, որոնցից միայն Sուրբ Գևորգ եկեղեցին է կանգուն մնացել: Եկեղեցուն կից նաև հայկական գերեզմանոց կա: Այս մասին գրում է Ermenihaber.am:
«Սվասի հայ բարեկամներ» միության նախագահ Սեբուք Քոչաքը «Սաբահին» հայտնել է, որ տարիներ շարունակ իրենց թույլ չեն տվել անգամ մոտենալ եկեղեցուն, որտեղ 1940-ական թվականներից ռազմակայան է տեղակայված:
Թուրքական թերթը հայտնում է, որ հայկական միության անդամները հոկտեմբերին հանդիպել էին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ՝ եկեղեցին վերանորոգելու և համայնքին վերադարձնելու պահանջ ներկայացնելով:
Նախարարը նշել է, որ եկեղեցու վերանորոգումից հետո այն համայնքին վերադարձնելու գործընթացը արագացնելու հարցում կօգնի:
Պաշտպանության նախարար Յըլմազն, այցելելով Սվասի նահանգապետ Զյուբեյիր Քեմելեքին և նահանգապետի տեղակալ Սալիհ Այհանին կարգադրություններ է տվել եկեղեցու վերանորոգման հետ կապված:
Նշվում է, որ 73 տարի շարունակ ռազմաբազայի տարածքում գտնվող եկեղեցին զերծ է մնացել գանձախույզների հարձակումներից և շատ քիչ է վնասվել: Նախատեսվում է, որ եկեղեցու վերանորոգումը կավարտվի կարճ ժամանակում: