Ոստիկանները ջարդել են նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով Ալավերդիի համայնքապետի մուտքը․ Մեսրոպ Առաքելյան
Ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի մուտքը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիրմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նրա փոխանցմամբ՝ միայն ՔՊ ավագանին է նիստերի դահլիճում և ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Ոստիկաններն արգելել են իմ և համայնքի ղեկավարի մուտքը նիստերի դահլիճ։ Սա ապօրինի գործընթաց է»,- նշեց Առաքելյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը նաև հաղորդեց, որ համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչներն՝ ի պաշտպանություն համայնքապետի։
«Հիմա հարյուրավոր քաղաքացիներ են հավաքված, որոնց մի մասն ուզում են մտնել համայնապետարան, բայց մուտքը փակ է, մոտ 1000 ոստիկան շրջափակել են համայնքապետարանի մուտքերը»,-ասաց նա։
Նշենք, որ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ ՔՊ-ական ավագանին բոյկոտելու է նաև ավագանու նիստերը:
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։
2022 թվականի հոկտեմբերի 12-ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ իրականացնելով համատեղ կառավարում: