Քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն
Գործող կարգավորմամբ՝ ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Սակայն առկա է խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ՝ ի սկզբանե նախատեսված տուգանքի 25 տոկոսի չափով, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնությամբ առաջարկվում է գործող հավելյալ պարտավորությունը հանել քաղաքացիների վրայից, որովհետև վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի է ոստիկանության ծառայությանը:
Արդյունքում՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց: Ոստիկանությունն օնլայն պետք է հետևի, տեսնի ու վարույթը կարճի՝ 100 հազար դրամի փոխարեն նախատեսելով 25 հազար դրամի պատասխանատվություն:
Կառավարության դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ դրական է. այդ մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ առաջիկայում ASWA համակարգն ու ծրագրատեխնիկական համապատասխան լուծումները հասանելի կլինեն նաև պարեկներին։ Դա հնարավորություն կտա պարեկային ծառայողին անմիջապես համակարգում տեսնել ԱՊՊԱ պայմանագրի վճարված կամ չվճարված լինելու հանգամանքը։ Ըստ փոխնախարար Սարգսյանի՝ վարչարարության պարզեցումը կնպաստի գործընթացն առավել դյուրին կազմակերպելուն:
Կառավարությունը որոշ առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից: Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: