Հայաստանի խուլերի միավորման նախագահին հարվածելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Նոյեմբերի 30-ին ժ.13.52-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Կողբացի փողոցի 69 հասցեում վիճաբանության ժամանակ հարվածել են Հայաստանի խուլերի միավորման նախագահի քթին, ինչի հետևանքով այն արնահոսում է: Նույն օրը՝ ժ.18.40-ին, «Աստղիկ» բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1983թ․ ծնված Երևանի բնակիչ Վ․ Սարգսյանը․ այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից։
«Պարզվել է, որ նշված հասցեում ավտոկայանատեղիի հետ կապված վիճաբանություն է առաջացել հավաքված մի խումբ անձանց միջև, ինչից հետո սկսել են փոխադարձ հարվածներ ու հայհոյանքներ հասցվել։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել և բաժին են տեղափոխել 4 անձի։ Ավելի ուշ նրանք արգելանքից ազատ են արձակվել»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ հաղորդման առթիվ 2023թ․ նոյեմբերի 30-ին քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. «Կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են դեպքին ականատեսները, վերցվել է տարածքում առկա տեսանկարահանող սարքի պարունակությունը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։