Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինային զրահամեքենաներ մատակարարելու մասին համաձայնագրի վրա
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել Ներքին գործերի նախարարության զրահատեխնիկան Ուկրաինային անվճար փոխանցելու մասին պայմանագրի վրա, որը հաստատվել էր խորհրդարանի կողմից ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
Ռադևը կարծում է, որ այդ զրահատեխնիկան անհրաժեշտ է բուլղարացի սահմանապահներին և փրկարարներին։
«Ուկրաինային տրամադրվող զրահատեխնիկան կարող է օգտագործվել հատուկ բուլղարական սահմանը պաշտպանելու և բնակչությանն աղետների ու դժբախտ պատահարների ժամանակ օգնություն տրամադրելու համար: Բուլղարիայի քաղաքացիների կյանքն ու առողջությունը պետք է լինեն հիմնական առաջնահերթությունը», - ասել է նախագահը՝ համաձայնագիրը վերանայման նպատակով վերադարձնելով խորհրդարան։
Ավելի վաղ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել էին ՆԳՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև զրահատրանսպորտային տեխնիկայի անվճար տրամադրման մասին համաձայնագիրը։
Տեխնիկայի փոխանցմանը կողմ է քվեարկել իշխող մեծամասնության 152 պատգամավոր, դեմ՝ ընդդիմադիր կուսակցությունների 57 ներկայացուցիչներ։