Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը
Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել «CAESAR» հայտնի հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և արտադրական նոր հզորությունները:
Այս մասին նշված է Ֆրանսիայի Սենատի 2024 թվականի բյուջեի պաշտպանության բաժնում՝ Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի այլ երկրներին առնչվող հատվածում, որում ասվում է, որ Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին պաշտպանական սպառազինությունների մատակարարում։
Խոսվում է նաև GM200 ռադարների, MISTRAL 3 «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին։
«Վերջերս Հայաստանը Thales-ի հետ 3 օրինակ GM200 ռադարների պատվերի փաստաթուղթ է ստորագրել, խոսվում է MISTRAL 3 «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին։ Բացի այդ, ֆրանսիական «Arquus» ընկերության կողմից արտադրված «Bastion» տիպի 24 զրահամեքենա է առաքվելու Հայաստան։, որց հետո էլ պետք է ուղարկվի նույն տիպի 26 զրահամեքենա, որոնք ներկայում արտադրության փուլում են:
Սենատի հանձնաժողովի գնահատմամբ՝ պաշտպանական և հարձակողական սպառազինությունների տարբերությունն իրականում այնքան էլ արդյունավետ չէ, ինչպես ցույց է տվել Ուկրաինայի պատերազմը։ Այս համատեքստում, ըստ սենատորների, պետք է չկրկնել նույն սխալները՝ հետաձգելով տեխնիկայի մատակարարումը, որն անհրաժեշտ է ի սկզբանե»:
«Ահա թե ինչու մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր հարցումներին, հատկապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:
Զեկուցողները խորհուրդ են տալիս այսպիսովCAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս շուտ ուսումնասիրել՝ հաշվի առնելով Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին (արտադրողականությունը ամսական 2-ից հասցվել է 6 միավորի, պիկի դեպքում հնարավոր է հասցնել նաև 8-ի):
Հիշեցնենք՝ Հայաստանն ու Ֆրանսիան սպառազինությունների և պաշտպանական զինամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր են կնքել: