Առևտրի կենտրոնի մոտ պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Դեկտեմբերի 1-ի ժամը 23.10-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա պատանի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 22-ին Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որի ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված և հասակակից մեկ այլ պատանի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք են ստացել:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանիներին դանակահարել են նորարեշցի և սարիթաղցի 21-ամյա երկու երիտասարդ:
Բացատրական աշխատանքի արդյունքում սարիթաղցի երիտասարդը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել նաև նորարեշցի երիտասարդը:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: