Ջրհեղեղ Ինդոնեզիայում․ 1 մարդ զոհվել է, 11-ն անհետ կորել են
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի Տոբա լճի մոտ ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 11-ն՝ անհետ կորել են, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը՝ BNPB-ն։ Տասնյակ մարդիկ տարհանվել են, փրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է Reuters-ը։
Ուրբաթ երեկոյան հորդառատ անձրևը և դրան հաջորդած ջրհեղեղը ողողել են է Տոբա լճի ափերը՝ վնաս հասցնելով տասնյակ տների, եկեղեցուն, դպրոցին և հյուրանոցին, ասվում է շաբաթ ուշ երեկոյան BNPB-ի հայտարարության մեջ:
Տոբա լիճը` աշխարհի ամենամեծ հրաբխային լիճը, զբոսաշրջության հայտնի վայր է ինդոնեզացիների և օտարերկրյա այցելուների համար:
Հեղեղները սարալանջերից մեծ քարեր, ծառեր և ցեխ են տարել, ինչի հետևանքով որոշ տներ մինչև տանիքը թաղված են մնացել։
Մոտ 350 մարդ ծանր տեխնիկայի օգտագործմամբ որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում, շուրջ 200 մարդ տարհանվել է։