ՈՒՆԻԱՆ. Ռուսաստանյան զորքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա 12 կամիկաձե անօդաչուներով
Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը ռուսաստանյան զորքերը կամիկաձե անօդաչուներով հերթական անգամ հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, տեղեկացնում է News.am-ը։
Ընդհանուր առմամբ, Պրիմորսկ-Ախտարսկի շրջանից արձակվել է 12 անօդաչու թռչող սարք, իսկ ՌԴ Բելգորոդի շրջանի օդային տարածքից՝ X-59 կառավարվող հրթիռ, նշում է լրատվամիջոցը։
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդման համաձայն, գրոհային անօդաչու թռչող սարքերը հարձակվել են մի քանի ալիքով և ներխուժել Նիկոլաևի շրջան՝ օկուպացված Խերսոնի տարածքով։
Հենց Նիկոլաևի շրջանում՝ «Հարավ» օդային հրամանատարության պատասխանատվության գոտում, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Մնացածները շարժվել են հյուսիսարևմտյան ուղղությամբ և խոցվել Խմելնիցկի մարզի Ստարոկոնստանտինովի շրջանում։
«Մարտական աշխատանքների արդյունքում Ուկրաինայի ռազմաօդային և պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է «Շահեդ-136/131» 10 հարվածային անօդաչու թռչող սարք։ X-59 կառավարվող հրթիռը չի հասել իր թիրախին»,- ասվում է հաղորդագրության մեջ։