Աբդոլլահիանը հայտարարել է Բորելին Իսրայելի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայի բնակչության վրա Իսրայելի ռազմական հարձակումներն անհապաղ դադարեցնելու և հումանիտար օգնությունը պաշարված անկլավ հասցնելու անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը, տեղեկացնում է News.am--ը։
Երկու բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել Գազայի հատվածի վերջին զարգացումների և Իրանի Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համագործակցության շուրջ։
Նշվում է, որ Ամիր Աբդոլլահիանը նախազգուշացրել է պաղեստինցիներին իրենց հողերից բռնի վտարելու Իսրայելի ծրագրի և գործողությունների մասին և ընդգծել, որ «ներկայիս իրավիճակի բուն պատճառը սիոնիստական ռեժիմի օկուպացիան և ագրեսիան են, և եթե Գազայի հատվածի և Արևմտյան ափի դեմ Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործությունները չդադարեցվեն, ապա պատերազմի հնարավոր տարածման սպառնալիք կառաջանա»։
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի աջակցող քաղաքականությունը «գործոն է, որը խրախուսում է սիոնիստական ռեժիմին շարունակել իր ռազմական ագրեսիան և սպանել քաղաքացիական անձանց Գազայում, և որ այն նաև պատերազմի շարունակման և ընդլայնման կարևոր գործոն է»:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի Իսլամական Հանրապետության հաստատած համագործակցության վերջին կարգավիճակին՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ այդ համագործակցությունը կշարունակվի տեխնիկական և իրավական շրջանակներում։
Ժոզեպ Բորելն իր հերթին ասել է, որ «անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել լարվածությունն ու հակամարտությունը Գազայի հատվածում և Արևմտյան ափին»։
Նա ընդգծել է, որ «Եվրամիությունը փորձում է պարտադրել Իսրայելին հարգել միջազգային իրավունքը»։