Իտալացի մաֆիոզը իշխանություններին անձնական կղզի է առաջարկել՝ ազատազրկման ժամկետը կրճատելու համար
Իտալացի մաֆիոզ Ռաֆայել Իմպերիալեն, ով գլխավորել է նարկոկարտելներից ամենամեծը, ցանկանում է Իտալիայի իշխանություններին անձնական կղզի նվիրել։ Այդպիսով նա փորձում է հասնել իրեն սպասվող ազատազրկման ժամկետի կրճատմանը, Shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian-ը։
Իմպերիալեն երկար ժամանակ աշխատել է նեապոլիտանական մաֆիայի համար։ Ըստ իտալական իշխանությունների՝ նա Պերուից կոկաինի մատակարարման վիրտուալ մենաշնորհ ուներ։ Հանրահայտ նկարիչ Վինսենթ Վան Գոգի երկու գողացված նկարների պատճառով, որ նա ուներ, նրան կոչեցին «առաջնորդ Վան Գոգի հետ»։
Հինգ տարի Իմպերիալեն թաքնվել է Դուբայում և ապրել իր հաճույքի համար՝ ամսական ծախսելով առնվազն 400 հազար եվրո։ Երբ ԱՄԷ-ի ափերի մոտ արհեստական արշիպելագ կառուցվեց՝ հետևելով բոլոր մայրցամաքների ուրվագծերին, նա ձեռք բերեց կղզիներից մեկը, որը կոչվում էր Թայվան։ Իտալական իշխանությունների տվյալներով՝ կղզու արժեքը տատանվում է 60-80 միլիոն եվրոյի սահմաններում:
2021 թվականի օգոստոսին Իմպերիալեն ձերբակալվեց և Իտալիային արտահանձնվեց 2022 թվականի մարտին։ Այժմ մաֆիոզին դատում են, նրան սպառնում է մինչև 14 տարի 10 ամիս ազատազրկում։ Իշխանությունների հետ համագործակցելու իր ցանկությունը ցույց տալու համար նա իր գողացված նկարներն արդեն նվիրել է պետությանը։ Այժմ հերթը արհեստական կղզունն է։