Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան․ «Ազատություն»
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա, առանց այլ մանրամասների «Ազատության»-ը փոխանցեց հայկական կողմի բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը պաշտոնյաները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
Օրերս ԵԱՀԿ նախարարական հավաքին մասնակցող Հայաստանի արտգործնախարարը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս կարևորել էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
«Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը», - նշել է Միրզոյանը։
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Թեհրանում «3+3» հանդիպման շրջանակներում տեղի ունեցած այդ հանդիպումից անցել է ավելի քան մեկ ամիս: Լռությունն այսօր խախտեց պաշտոնական Երևանը՝ հայտնելով, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման:
«Հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ», - «Ազատության»-ը փոխանցեցին արտաքին գերատեսչությունից:
Պայմանավորվածությունների իրականացման շուրջ կա՞ն արդյոք հստակ սահմանված ժամկետներ, թե՝ ոչ, արտաքին քաղաքական գերատեսչությունից ասացին՝ նախարար Միրզոյանի ելույթին ավելացնելու ոչինչ չունեն: Հոկտեմբերի վերջին խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման շուրջ լավատեսական հայտարարություն էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այդ օրը Փաշինյանը նաև հայտնեց, որ հայկական կողմը Մարգարայի կամրջի սահմանային հատվածում վերազինման և վերականգնման էական աշխատանք է իրականացրել: Այդ կամուրջը փակ է 1993 թվականից: Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց փետրվարին, երբ հայկական բեռնատարները օգնություն էին տանում երկրաշարժից տուժած աղետի գոտի: