Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի
Ոստիկանությունը Մաշտոցի պուրակից բերման ենթարկեց «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիայի 13 մասնակցի, որոնք վրանը տեղադրել էին Մաշտոցի պուրակում ու շրջապատած պաշտպանում էին այն։
Ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ վրանի տեղադրումը վարչական իրավախախտում է, և եթե այն գետնից չբարձրացվի, քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվելու։
Ակտիվիստները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք երթ անցկացրին, այնուհետև վրան տեղադրեցին Մաշտոցի պուրակում, բայց րոպեներ անց ուժայինները սկսեցին բերման ենթարկել նրանց:
Մինչ այդ երթի մասնակիցները հայտարարում էին, որ Հայաստանի իշխանությունները համաձայնություն են տվել 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցմանը, իսկ իրենք մտադիր են ամեն գնով թույլ չտալ դա։ Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց ակցիային։