Աբդոլլահիանն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների համար
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների իրավական հիմքերը, ինչպես նաև միջազգային համակարգերի հեղինակությունը հարցականի տակ դրվեցին՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ Ցեղասպանության արգելման մասին 1948 թվականի կոնվենցիայի համաձայն՝ Միացյալ Նահանգները և Եվրոպական եռյակը պարտավորվել են կանխել նոր ցեղասպանությունները, մինչդեռ Գազայի հակամարտության ժամանակ իրենք են դարձել հանցագործությանը նպաստող տարրերից մեկը և դրա մեղսակիցները:
Աբդոլլահիանը կարծիք է հայտնել, որ երկակի ստանդարտները պատուհաս են դարձել միջազգային կարգավորող ինստիտուտների համար:
«Ինչպե՞ս է ստացվում, որ Ուկրաինայի պատերազմից հետո հիմնականում եվրոպական 34 երկիր Արդարադատության միջազգային դատարան է դիմել որպես երրորդ կողմ՝ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» գործում, բայց բոլորը մահացու լռություն են պահպանել Իսրայելի կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ»,- նշել է Իրանի գլխավոր դիվանագետը: