Ոստիկանությունն ակտիվացրել է ավտոմեքենայում չամրակապվելու դեմ պայքարը
Հայաստանի տարածքում 2022 թվականին ճանապարհային ոստիկանները և պարեկային ծառայողները կազմել են անվտանգության գոտիները չամրակապած մեքենա վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու 50 հազար 131 վարչական իրավախախտման արձանագրություն, իսկ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է նման 66 հազար 790 վարչական իրավախախտում, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 16 հազարով ավելի է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ ներկայացնելով անվտանգության համար ամրակապվելու նշանակության վերաբերյալ թեմատիկ անդրադարձը։
Հրապարակման մեջ նաև նշվում է. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումից հետո անվտանգության գոտի չկապելը ավտովթարներից մահացության 2-րդ պատճառն է։ Ամրակապված վարելը նվազեցնում է վթարի դեպքում մահվան կամ լուրջ վնասվածքների հավանականությունը՝ վարորդներին և ուղևորներին ճիշտ դիրքում պահելով անգամ ինքնավթարի և կողաշրջման պարագայում։
Ընթացքի մեջ վարորդը և ուղևորները շարժվում են մեքենայի նույն արագությամբ: Եթե մեքենան կտրուկ կանգնում կամ վթարի է ենթարկվում, ապա վարորդն ու ուղևորները շարունակում են նույն արագությամբ շարժվել, որով մեքենան ընթանում էր մինչև կանգ առնելը:
Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում վարորդը ամրագոտին երբեմն գցում է նստարանի թիկնակին:
Անվտանգության գոտի չամրակապելը ճանապարհային երթևեկության կանոնների տարածված խախտումներից է: Վարորդներից բացի, չամրակապվելու հնարավոր ռիսկերը, ցավոք, հաշվի չեն առնում նաև ուղևորները։
Հարգելի՛ վարորդներ և ուղևորներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Անվտանգության գոտու պարտադիր կիրառումը կպահպանի ձեր կյանքը»։