«Փաստ». «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու կերպով հայտարարել էր, թե հունվարի 1-3-ը կլինեն «տոնական», այսինքն՝ ոչ աշխատանքային օրեր, իսկ հունվարի 4-ն արդեն կլինի աշխատանքային: Միջազգային բորսաներում այդ հայտարարությունը արժեթղթերի տատանումների չի հանգեցրել, իհարկե, սակայն պաշտոնական աշխատանքային օրացույցում ինչ-որ շփոթ, այնուամենայնիվ, առաջացել է: Բանն այն է, որ այս հայտարարությունը «շրջանցում» էր օրենքը, և շատերն էին զարմացել, թե այդ ինչ հաշվարկ է արել Փաշինյանը: Պարզվեց՝ ոչ մի հաշվարկ էլ չկա:
Կառավարությունից լրացուցիչ պարզաբանել են, որ՝ չէ, հունվարի 1-2-ն են ոչ աշխատանքային, իսկ 3-ն արդեն աշխատանքային օր է, իսկ Նիկոլ Փաշինյանը շփոթմամբ էր հիշատակել հունվարի 4-ը: Շփոթմամբ, հասկանո՞ւմ եք: Լսեք, իսկ միգուցե նաև շփոթմա՞մբ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Գուցե շփոթմա՞մբ էր հայտարարել՝ «անջատում՝ հանուն փրկության»: Իսկ հնարավո՞ր է, որ շփոթմամբ է «խաղաղության պայմանագիր» կնքում Ադրբեջանի հետ, այլ կերպ ասած՝ Հայաստանը տանում կործանման ու պետականազրկման: Է՞լ ինչեր է «շփոթմամբ» արել... Ի՞նչ հեշտ է, չէ՞, ասել շփոթվել եմ, կներեք, բայց որ ավելի վատ է՝ մի օր էլ պարզապես կասեն՝ սխալվել ենք, կներեք: Ու... կանցնիկգնա:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ պսևդո-տեսություն է ստեղծել այդ նպատակով ու այն անվանել է... «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Նա մասնավորապես ասում էր. «Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»:
Հասկանում եք, չէ՞... Ու, գիտե՞ք, սա նա ասել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ կործանարար պատերազմից 9 օր առաջ: Թե նրա ու իր իշխանության «սխալվելու համարձակությունը», «պարտվելու համարձակությունը» ի՜նչ «հաղթանակներ» բերեց, ավելի լավ է՝ չհիշեցնենք: Այ, այսպես, «շփոթվելով», «սխալվելու վճռականությամբ» ու «պարտվելու համարձակությամբ» էլ երկիր են կառավարում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: են