ԱՄԷ-ում ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովը (COP-28), որին մասնակցում պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը, հանդիպում ունեցել ներկայացուցիչների հետ։ Համաձայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև ձեռք բերված պայմանավորվածության` մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում, COP 28-ի շրջանակներում դեկտեմբերի 1-ին կողմերի միջև ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» Փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ կողմից՝ ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթինը:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսն անցկացվում է ամեն տարի՝ հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում։ Այն համախմբում է գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։