Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆաննի Դելպեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
Որպես համագործակցության առանցքային ուղղություն՝ հատուկ անդրադարձ է կատարվել բյուջետային աջակցության շրջանակի ընդլայնմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ջրային ոլորտի ոլորտի արդյունավետ կառավարման, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին: