Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտորը ազատ է արձակվել
Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը»,– գրել է փաստաբանը։
Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար` նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։