Փոքր կենտրոնում կայանատեղիների գնային սանդղակը ավելի բարձր էի պատկերացնում. Անի Խաչատրյան
Երեւանի փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանատեղերի համար իշխող քաղաքական ուժի առաջարկած 160.000 դրամը կոալիցիոն գործընկեր՝ Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ցածր է համարում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տիկին Խաչատրյանը նշել է, թե տարիֆը շատ ավելի բարձր էր ակնկալում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է քաղաքացու դեմ ուղղված հերթական նախագծի մասին, այն է՝ բարձրացնել ժողովրդական լեզվով ասած կարմիր գծերի վարձավճարները։ Ա գոտում, որը ներառում է փոքր կենտրոնի 40 փողոց, յուրաքանչյուր 1 ժամվա համար առաջարկվում է սահմանել 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18000 դրամ, մեկ տարվա համար՝ 160 000 դրամ։
Ա. Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս հարցն իրենց խմբակցությունում դեռ չի քննարկվել, ուստի կարող է խոսել միայն իր անունից՝ նշելով, որ ժամանակին դեմ է եղել այսօր գործող վարձավճարներին։ Ըստ նրա՝ Կենտրոնում չեն կարող այս գներով ավտոկայանատեղիներ լինել։
«Ես կողմ եմ նախագծին, գնային սանդղակը ես շատ ավելի բարձր էի պատկերացնում, բայց Հայաստանի պայմաններում սա նորմալ է այս պահին, խմբակցությունն ավելի ուշ իր կարծիքը կասի։ Կարծում եմ այս գները պետք է վաղուց սահմանված լինեին»,- ասել է Անի Խաչատրյանը։
Հարցին, թե արդյոք նախընտրական ծրագրում ներառել էին վարձավճարների թանկացումը՝ մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ծրագրում նման կետ չեն ունեցել։ «Բայց նախընտրական ծրագիրը ներկայացնելիս առաջ ես բազմիցս խոսել եմ, այն մասին, որ պետք է գնային տարբերություն լինի Կենտրոնի և Կենտրոնից դուրս ավտոկայանատեղիների գների միջև»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե փորձագետների գնահատմամբ, սա հակասահմանադրական նախագիծ է, քանի որ դրանում խտրական մոտեցում կա Փոքր Կենտրոնի բնակիչների նկատմամբ՝ Ա. Խաչատրյանն արձագանքեց, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է ր դեռ պետք է լրամշակվի։
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ Կենտրոնի բնակիչների համար կսահմանվեն լրացուցիչ լուծումներ, խոսքը վերաբերում է Կենտրոնում կայանող մեքենաներին։ Սս տրանսպորտային ռեֆորմի մի մասն է, քաղաքում տրանսպորտային խնդիրները լուծելու շրջանակնում է արվում, դրա արդյունքում Կենտրոնում խցանումները կթեթևանան և հանրային տրանսպորտը կդառնա մեր երազած հանրային տրանսպորտը»,- կարծում է Ա. Խաչատրյանը։
Հարցին, թե արդյոք մեքենա ունի և պատրա՞ստ է այդ գումարը վճարել, օրինակ, երբ գալիս է ավագանու նիստերին՝ Խաչատրյանը պատասխանեց, որ մեքենա ունի, բայց չի պատրաստվում այդ գումարը վճարել։ «Ես կկայանեմ Բ գոտում, ապա քաղաքապետարան գալու համար՝ կօգտվեմ հանրային տրանսպորտից»։
Անդրադառնալով նախընտրական շրջանում օրինակ ՔՊ-ի կողմից նման նախագիծ չներկայացնելուն՝ նա ասաց, որ նման նախագծերը սովորաբար ստեղծվում են աշխատանքային պրոցեսի ընթացքում։ «Սա ինչ-որ խնդրի լուծման մի տարբերակ է։ Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ինչու այս մասին չի խոսել, բայց բոլորս մեր ծրագրերում նախատեսել ենք Կենտրոնի բեռնաթափում, սա այդ խնդրի լուծման ուղիներից մեկն է, այդ լուծումները առաջ են գալիս աշխատանքային պրոցեսի, քննարկումների ընթացքում։ Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրում ներառելուն՝ նման կետերը այնքան էլ նպատակահարմար չի գրելը նախընտրական ծրագրում, նկատի ունեմ ձևակերպումը ճիշտ տալ չէր լինի, քանի որ դա բազային կետ չի եղել։ Այսինքն, գրել ենք, որ
Կենտրոնի բեռնաթափում պետք է լինի, ու հիմա դրա տարբերակներից մեկը սա է։ Երևանի բնակիչը, որ հիմա դժգոհում է, չի պատկերացրել, որ լուծումներից մեկը սա է լինլու։ Կարծում եմ, եթե արդարացված չլինի՝ գուցե չանցնի, բայց փորձել պետք է»։