Մագնիումի դեֆիցիտը և սննդակարգում ածխաջրերի բացառումը կարող են դառնալ «քաղցի» գլխացավի պատճառ
Բժշկությանը հայտնի են գլխացավի բազմաթիվ պատճառներ: Այն կարող է լինել միգրենի նշան, առաջանալ հարբուխի, զարկերակային հիպերտոնիայի, գլխի վնասվածքների, զգացմունքային գերլարվածության և այլ պատճառներով: Սովորաբար մենք գիտենք, թե ինչը կարող է լինել գլխացավի պատճառ, իսկ երբեմն էլ փորձում ենք հասկանալ՝ ինչի՞ց հանկարծակի առաջացավ գլխացավը։
Պատճառը կարող է լինել քաղցի զգացումը․ նախանշան, որ ուղեղի նորմալ աշխատանքի համար չկա գլյուկոզայի և այլ սննդարար նյութերի անհրաժեշտ քանակ:
Այն մարդիկ, ովքեր հետևում են դիետայի կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող ժամանակին սնվել, հաճախ են գանգատվում գլխացավից։
Ցավի այս տեսակն ունի հետևյալ առանձնահատկությունները՝
ցավն ունի ցածր կամ միջին հաճախականություն,
ցավի կենտրոնը գտնվում է ճակատի շրջանում, այնուհետև տարածվում է գլխի ամբողջ վերևի հատվածում,
ցավը համաչափ է, անընդհատ՝ առանց պուլսացիայի:
Եթե գլուխը սկսում է ցավել քաղցած ժամանակ և սննդակարգի կարգավորումից հետո՝ 3 օրվա ընթացքում դադարում է, ապա սա «քաղցած» գլխացավի ակնհայտ ախտանիշ է: Ոմանց մոտ գլխացավ է սկսվում, եթե չեն սնվել 16 ժամ և ավելի, ոմանց դեպքում՝ 5-6 ժամ առանց սննդի անցկացնելը կարող է տհաճ զգացողությունների պատճառ դառնալ: Գլխացավը հաճախ ուղեկցվում է թուլության զգացողությամբ:
Գլխուղեղին աշխատանքի համար գլյուկոզա է անհրաժեշտ: Եթե օրգանիզմում առկա է սննդի պակաս, արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է, ուղեղը չի կարողանում օգտագործել ածխաջրային պաշարները և մշտապես կարիք ունի այդ նյութերով սնուցման: Գլխուղեղը քաղցին արձագանքում է նաև ուշադրության անկմամբ, նյարդայնությամբ, հոգնածությամբ և գլխացավով:
«Քաղցի» գլխացավերի առաջացման այլ գործոն է մագնիումի դեֆիցիտը և սննդակարգում ածխաջրերի բացառումը: Սերոտոնինի պակասը ևս կարող է դառնալ գլխացավի պատճառ:
Իսկ ինչպե՞ս ազատվել նմանատիպ գլխացավերից։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատասխանը պարզ է՝ սնունդ ընդունելով: Սակայն ոչ բոլոր մթերքները կարող են ապահովել ցանկալի արդյունք:
Խորհուրդ չի տրվում հագեցնել քաղցը շոկոլադի, պինդ պանրի, մսային կիսաֆաբրիկատնրի միջոցով: Այս դեպքում արդյունավետ են սպիտակուցային, ավելի հստակ՝ մսային կերակուրները: Դրանք երկար ժամանակով կհագեցնեն քաղցը: Ավելի նպատակահարմար է միսը համադրել բանջարեղենային խավարտի հետ: Ինչպես նաև կարելի է ուտել ձկնամթերք, հացահատիկային շիլաներ, ամբողջական ցորենից պատրաստված հաց, կաթնային և կաթնաթթվային մթերքներ: Դրական արդյունքը կամրապնդեն մագնիումով հարուստ մթերքները՝ լոբազգիներ, ընկուզեղեն, կանաչ բանջարեղեն:
Եթե հետևում եք դիետայի և այդ ընթացքում ունենում եք «քաղցի» գլխացավեր՝ պարզ է, որ տվյալ սննդակարգը համապատասխան չէ օրգանիզմին: Քաղցած չլինելու և նմանատիպ գլխացավերը կանխարգելելու համար օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով։
Եթե արդեն քաղցած չեք, սակայն գլուխը շարունակում է ցավել, կարելի է ընդունել ցավազրկող հաբեր: Չի կարելի, սակայն, կիրառել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ: Դատարկ ստամոքսի դեպքում, դրանք կարող են առաջացնել ընդհուպ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց: Եթե ախտանիշները կրկնվում են և լուրջ անհանգստություն են պատճառում՝ այցը բժշկին կլինի բուժման լավագույն սկիզբը, փոխանցում է Aysor.am-ը։