Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր
Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:
Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում ունեցած հանդիպման՝ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառման և միջազգային իրավունքի շարունակական խախտումների պրակտիկան ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչը չի վերացնում թե՛ Հարավային Կովկասում, թե՛ այլ տարածաշրջաններում նոր համանման մարտահրավերների հավանականությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից նման գործելակերպի ժխտման հրամայականը և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին ամուր աջակցության կարևորությունը:
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչության կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանն արժևորել է Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանըաջակցությունը: