«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը. «Փաստինֆո»
«Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից երկուսի վիճակը վատթարացել է, առողջական խնդիրներով պայմանավորված՝ հացադուլը դադարեցվել է։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ նոյեմբերի 27-ից ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից մեկը նոյեմբերի 29-ին ներկայացրել է գանգատներ առողջության վերաբերյալ։
«Հիմնարկի կողմից կանչված շտապօգնության բուժանձնակազմը խորհուրդ է տվել դեղորայքային բուժում, որը ստանալու համար դատապարտյալը պետք է դադարեցնի հացադուլը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է բուժումից՝ շարունակելով հացադուլը։ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, նույն դատապարտյալի, ինչպես նաև հացադուլ հայտարարած դատապարտյալներից ևս մեկի համար կրկին կանչվել է շտապօգնություն՝ առողջական խնդիրներից ելնելով»,- մանրամասնել է Նավիկյանը՝ հավելելով, որ Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, բուժաշխատողների և շտապօգնության բուժանձնակազմի հորդորով վերջիններս դադարեցրել են հացադուլը և այժմ գտնվում են հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո։