Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի և Աբասի հետ
Իսրայելի վարչապետն ընդունել է հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն 4-րդ անգամ այնտեղ մեկնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
Հանդիպման սկզբում Բենիամին Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է ամերիկյան կողմի հետ քննարկել Գազայի հատվածում գործողության հաջորդ փուլը: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները հանդիպել են Երուսաղեմում:
Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու՝ այդ երկրի իրավունքին: Նա, այնուհանդերձ, հորդորել է քայլեր ձեռնարկել՝ չվտանգելու քաղաքացիական բնակչության կյանքը: Կողմերը քննարկել են պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերը, Գազայի հատված մարդասիրական մատակարարումները: Բլինքենը շեշտել է Հորդանան գետի Արևմտյան ափին դեէսկալացիայի և պաղեստինցիների նկատմամբ բռնություն իրականացնող ծայրահեղական վերաբնակիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Բլինքենը հանդիպել է նաև Պաղեստինի նախագահի հետ: Մահմուդ Աբասը հանդես է եկել Գազայի հատվածում մարդասիրական դադարի երկարաձգման և վերջնական հրադադի հաստատման օգտին։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ նա կոչ է արել վերջ տալ Իսրայելի ագրեսիային: