Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 28-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված հասցե: Երիտասարդը նրանց հայտնեց, որ թմրանյութ ունի և պատրաստ է ներկայացնել:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 28-ամյա արշալույսցին իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 450 գրամ քաշով փաթեթ և հայտնեց, որ զանգվածը թմրանյութ է, իսկ կանեփն ինքն է աճեցրել:
Նոյեմբերի 27-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական տեղեկությունները Վաղարշապատի քրեական հետախույզներն իրացրին Ծաղկունք գյուղի 33-ամյա բնակչի բնակության հասցեում: Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ անձնական օգտագործման համար տանը կանեփից պատրաստած թմրանյութ է պահում և պատրաստ է ներկայացնել:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել Ծաղկունք գյուղի նշված հասցեում: Անասնագոմում հայտնաբերվել է մոտ 160 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: 33-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, կանեփն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար:
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: