Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատել առնվազն 80 անձի գերեվարումը․ փորձագետ
Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ՝ այդ թվում քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ և քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30-ին «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Գերիների հնարավոր վերադարձ. միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսի ժամանակ։
«Եթե փորձեմ բաղդատել այս տվյալները, ապա մենք ունենք 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 բարձրաստիճան քաղաքական և զինվորական նախկին գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ։ Բայց կցանկանամ նշել, որ սա ընդամենը պաշտոնականացված գերիների թվաքանակն է»,-նշել է նա՝ հավելելով, որ բացի այդ, Ադրբեջանը գերեվարել է առնվազն 80 ռազմագերի և քաղաքացիական անձինք, ինչը պաշտոնապես չի հաստատել։
Նրա ընդգծել է, որ դեռևս 2021 թվականի գարնանից չեն արձանագրվում դեպքեր, երբ Ադրբեջանը կպաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց։