Միտումը վտանգավոր է. առանց միջնորդների բանակցելը նույնն է, թե քննարկել Հայաստանի կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզը. Սուրեն Սուրենյանց
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքի շրջանակում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե այս հանձնաժողովի ներկայացուցիչների նախկին հանդիպումների դեպքում զուգահեռաբար միջնորդական հարթակներում նաև քաղաքական բանակցություններ էին ընթանում, հիմա պատկերը փոխվել է։
Երբ պաշտոնական Բաքուն առաջարկեց առանց միջնորդների բանակցել, Երևանն, ըստ երևույթին, հասկացրեց, որ առանց միջնորդների պատրաստ չէ բանակցելուն, բայց և կոնտրառաջարկ ներկայացրեց՝ առաջարկեց սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։
Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ նման քայլով պաշտոնական Երևանը մի կողմից, կարծեք թե, մերժեց Բաքվի առաջարկը, մյուս կողմից՝ ընդառաջ գնաց։
«Միտումը վտանգավոր է, եթե Ադրբեջանը սա նախադեպ ներկայացնի և պահանջի, որ այսուհետ քաղաքական բանակցություններն էլ առանց միջնորդների տեղի ունենան, դա կնշանակի Հայաստանի դիվանագիտական հերթական պարտություն։ Ուժային նման դիսբալանսի պայմաններում առանց միջնորդների բանակցելը նշանակում է քննարկել Հայաստանի կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզը»։