«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը «փորձությունների» է ենթարկում աշխատակիցներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավար Հայկուհի Հարությունյանից, եւ ոմանք երազում են, որ նա չվերընտրվի այդ պաշտոնում։ Մեզ պատմեցին, որ նա «փորձությունների» է ենթարկում իրենց, օրինակ, հանձնարարում է գեղարվեստական գրքեր կարդալ, ապա ներկայանալ եւ պատմել, թե ինչ է հասկացել, ինչ իմաստ ուներ այդ աշխատությունը։
Հայկուհի Հարությունյանին երեկ հարցրինք` իսկապե՞ս հանձնարարում եք աշխատողներին գրքեր կարդալ։ Ասաց` «ընթերցանությունը» լայն հասկացություն է՝ միջազգային փաստաթղթերից մինչեւ կոնկրետ աշխատանքին առնչվող․ «Ուստի կարդալու մեջ տարօրինակ որեւէ բան չեմ տեսնում»:
Բայց խոսքը ոչ թե մասնագիտական աշխատություններ եւ փաստաթղթեր կարդալու մասին է, այլ, օրինակ, Կաֆկայի գործերն եք հանձնարարել կարդալ, հետո գալ-պատմել։
«Պատմելու մասին մի քիչ շատ եք չափազանցացնում, թող իրենք հիշատակեն՝ որ գործը, եւ դա արդեն իսկ վկայում է իրենց հասունության մասին։ Եթե նույնիսկ խնդիրը, որի շուրջ այդ քննարկումը կազմակերպվել է, չի ընկալվել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Հարությունյանի լիազորությունների ժամկետը լրացել է, առաջիկայում ԱԺ-ն նրան հանձնաժողովի անդամ կընտրի, իսկ հանձնաժողովի անդամները` հետագայում նախագահ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։