Եվրախորհրդարանի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին և ա...
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները, որոնք դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։
«Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ–ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար»,– նշված է հրապարակման մեջ։
Բացի այդ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու Ադրբեջանում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը` դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Զեկույցը ողջունում է ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը։
Եվրախորհրդարանի հանձնաժողովը ԵԽ–ին կոչ է արել նաև ավելացնել առաքելության կազմում տեղակայված փորձագետների թիվը, առաքելության կարողությունները և աշխարհագրական շրջանակը, ինչպես նաև երկարացնել դրա տեղակայման ժամկետը ևս հինգ տարով: Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ նույն առաքելության տեղակայումն իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում։
Եվրոպական խորհրդին կոչ է արվել` պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։
Զեկույցում պահանջ է ներկայացված` պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈւՆԵՍԿՕ–ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։
Եվրախորհրդարանի հանձնաժողովից նշում են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե–ֆակտո էթնիկ զտումների պատճառով։
Զեկույցը նաև ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումը։