Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ
Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Հայտերն ընդունվում են առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով: Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում:
Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Եզրափակիչ փուլում կորոշվեն յուրաքանչյուր անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակին արժանացած, ինչպես նաև միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը: Նախատեսված են նաև այլ խրախուսական մրցանակներ:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի անհատական կամ հետազոտական խմբերի կողմից ներկայացված նախագծերը /առավելագույնը 2 աշակերտ/ հնարավորություն կստանան մասնակցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կազմակերպվող «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի միջոցառման տեղեկատվական օրերի, հանդիպումների և միջոցառումների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով ուսհաստատության անվանումը և նամակի թեման։